Հաջողված ծրագրեր և նորություններ
Փոքր դրամաշնորհներ - մեծ փոփոխությունների համար
2008թ. փետրվարի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալեց Համայնքային ինքնաջակցման հիմնադրամի (ՀԻՀ) ութերորդ կիսամյակային դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ, “Փրկեք երեխաներին” կազմակերպության, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, և մարզային համայնքների անդամները:
ՀԻՀ-ը, որը մեկնարկել է 2003 թվականի նոյեմբերին, ԱՄՆ դեսպանության ծրագիրն է և նպատակ ունի օգնել տեղական համայնքներին իրականացնել փոքր ծրագրեր` ուղղված նրանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Ծրագիրի կառավարումը վերապահված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, իսկ իրականացումը`
"Փրկեք երեխաներին" կազմակերպությանը: ՀԻՀ-ը համայնքային ակտիվության և միջազգային զարգացման խթանմանն ուղղված նորարարական ծրագիր է, որն օգնում է համայնքային այն խմբերին, որոնք կարող են համախմբել տեղական ռեսուրսներն ու կամավորական ջանքերը` իրենց շրջապատը առավել բարեկեցիկ դարձնելու համար: Ծրագրով պահանջվում է, որ համայնքը ապահովի իրենց ծրագրի իրականացման ծախսերի առնվազն 20 տոկոսը:
Ութերորդ փուլում ՀԻՀ-ն ընտրել է 5 ծրագիր և կտրամադրի 108397 ԱՄՆ դոլար աջակցություն: Համայնքների ներդրումը կկազմի ծրագրերի ողջ արժեքի ավելի քան 52 տոկոսը: Ընտրված 5 ծրագրերը, որոնց անմիջական շահառուների թիվը կազմում է 3033, ներառում են Կոտայքի մարզի Արզաքան գյուղի մանկապարտեզի վերանորոգում, Լոռու մարզի Վահագնի գյուղի խմելագրի համակարգի բարելավում, Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի խմելաջրի համակարգի վերակառուցում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի խմելաջրի և կոյուղու համակարգերի վերանորոգում, և Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երեխաների զարգացման կենտրոնի կահավորում:
Ծրագրի նախորդ յոթ փուլերի ընթացքում ՀԻՀ-ը ստացել է 1150 հայտ և տրամադրել 949,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհային աջակցություն ընտրված 61 ծրագրերին, որոնց անմիջական շահառուների թիվը եղել է ավելի քան 75230: ՀԻՀ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերը ներառում են կրթական, առողջապահական և մշակութային հաստատությունների վերանորոգումներ, ինչպես նաև հեռավոր գյուղական բնակավայրերի խմելու և ոռոգման ջրագծերի վերականգնողական աշխատանքներ:
![]() | ![]() |


