Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > Ծրագրեր ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Առողջապահություն

Առաջնային առողջապահության կայուն և բարձրորակ ծառայությունների սպառման ընդլայնում

Խորհրդային տարիներին կյանքի տևողության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում էր Հայաստանում, իսկ երկրի առողջապահական համակարգը շատ ավելի լավ էր զարգացած, քան մնացած խորհրդային հանրապետություններում: Առողջապահության համակարգը չափազանց արդյունավետ էր և տրամադրում էր պետության կողմից ֆինանսավորվող համապարփակ բժշկական ծառայություններ: Անկախացումից հետո ստեղծված ծանր տնտեսական և սոցիալական պայմանները հանգեցրին հետևյալ իրավիճակին.

• Առողջապահության համակարգի բյուջեի կեսից ավելին տրամադրվում էր թանկարժեք հիվանդանոցային բուժմանը:
• Մեծ էին բնակչության կողմից առողջապահական ծառայությունների գծով կատարվող ծախսերը: Ըստ կատարված գնահատումների, բնակչության մասնավոր ծախսերը (դրանց մեծ մասը ոչ պաշտոնական վճարներն են) երկրի առողջապահական ծախսերի ավելի քան երկու երրորդն են կազմում:
• Տասնամյակից ավել է, ինչ բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ (կլինիկական և կառավարման) չեն անցել:
• Շատ բուժհաստատություններ գտնվում են անմխիթար վիճակում. սարքավորումները հնացած են, բժշկական պարագաների պակաս է զգացվում, իսկ գյուղական վայրերում բացակայում են անհրաժեշտ բժշկական կադրերը:
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը առողջապահության ոլորտում

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը ՀՀ կառավարությանը ուղղված է առաջնային առողջապահության (ԱԱ) կայուն և բարձրորակ ծառայությունների սպառման ընդլայնմանը: Այս նպատակին հասնելու համար կիրառվում է երկակի մոտեցում. (1) ամրապնդվում են ԱԱ բարեփոխումների համարանհրաժեշտ ազգային ինստիտուցիոնալ կարողությունները, և (2) բուժհաստատությունների մակարդակով շեշտադրվում է ԱԱ ծառայությունների իրականացումը: Ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում. ԱԱ ծառայությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ընտանեկան բժշկության գծով մասնագետներ պատրաստելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է տարբեր հաստատությունների` Առողջապահության նախարարության (ԱՆ), բժշկական ուսումնական հաստատությունների, Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ), Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ), առողջապահության մարզային վարչությունների, ինչպես նաև բուժհաստատությունների կարողությունների ամրապնդմանը: ԱԱ համակարգի համար կայուն հիմք ապահովելու համար ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է ԱՆ-ի հետ բուժսպասարկման որակի ապահովման մի շարք ծրագրեր և ոլորտի ֆինանսավորման տարբեր մեխանիզմներ մշակելու, փորձարկելու և ներդնելու ուղղությամբ: Այս աշխատանքների նպատակն է ավելի թափանցիկ ու հաշվետու դարձնել առողջապահության ոլորտը: Ծառայությունների դիմաց հաճախորդների կատարած ոչ պաշտոնական վճարումները պաշտոնականի վերածելը կնպաստի ոլորտի թափանցիկությանը և կապացուցի, որ ծախսերի փոխհատուցումը կարող է կատարվել պրոֆեսիոնալ կերպով` էթիկական կանոններին համապատասխան:

ԱԱ առաջնահերթ ծառայությունների բարելավում. նկատի ունենալով տնտեսական դժվարություններն ու բնակչության առողջապահական կարիքները` ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակում է բուժսպասարկման որակի բարելավմանը հետևյալ ճանապարհներով. համայնքների վրա հիմնված մոտեցումների կիրառում, պացիենտին ուղղված ծառայությունների շեշտադրում, ինչպես նաև ԱՆ-ի, ԱԱի-ի, ՊԱԳ-ի, առողջապահության մարզային վարչությունների, ԱԱ բուժհաստատությունների և մասնագիտական միավորումների աշխատակիցների տեխնիկական և վարչական հմտությունների ամրապնդում: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև սատարում է շրջիկ բուժկետերին` ապահովելով այն հեռավոր համայնքների բնակչության խոցելի խմբերի սպասարկումը, որոնց համար բուժծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը սահմանափակ է: Հատուկ ուշադրություն է դարձվում սեռավարակների վերահսկմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև վերարտադրողական առողջության ու մոր և մանկան առողջության ամրապնդմանը, հատկապես գյուղական բուժհաստատություններում:

Ընթացիկ գործունեություն

Հայաստանի ժողովրդագրական և առողջապահական հետազոտություն (ՀԺԱՀ). տնային տնտեսությունների ներկայացուցչական մի ուսումնասիրություն, որի նպատակն է վերլուծել ժողովրդագրական և առողջապահական հարցերին վերաբերող տվյալները, որոշել գերակայող առողջապահական խնդիրները և դրանք լուծելու հարցում երկրի ունեցած առաջընթացը, ինչպես նաև տրամադրել ճշգրիտ տվյալներ, որոնք որոշում ընդունողներին թույլ կտան մշակել ապացույցների վրա հիմնված քաղաքականություն և ներդնել համապատասխան ֆինանսական մեխանիզմներ:

Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագիր/Առաջնային առողջապահության բարեփոխումներ. ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակում է ՀՀ կառավարությանը առաջնային առողջապահության բարեփոխումների իրականացման գործում (ինչը ՀՀ կառավարության` առողջապահության համակարգի բարեփոխումների ընդհանուր ռազմավարության կարևորագույն բաղադրիչն է) հետևյալ երեք բնագավառներում. (1) Ընտանեկան բժշկության ինստիտուտի` իբրև ողջ բնակչությանը տարածված առողջական խնդիրների դեպքում համապարփակ բժշկական ծառայություններ մատուցող, թե կանխարգելումն ու թե բուժումը շեշտադրող և առողջ ապրելակերպը ջատագովող բժշկական մի մասնագիտության զարգացում: (2) Բնակչության ազատ անդամագրման համակարգի ներդրում, որի պայմաններում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընտրել իր բժշկին: (3) Որակի շարունակական բարելավման փուլային նոր գործընթացի իրականացում, որը ենթադրում է գործընկերոջ մակարդակում կատարվող աշխատանք, ներքին ռեսուրսների վարից վեր կառավարում, և որը չի ընդգրկում պատժիչ միջոցառումներ, ուստի և նպաստում է խնդիրների բացահայտմանը:
Վերարտադրողական առողջություն/ Մոր և մանկան առողջություն (ՎԱ/ՄՄԱ). համագործակցություն ԱՆ-ի հետ` գյուղական ԱԱ հաստատությունների բուժաշխատողների գիտելիքներն ու կլինիկական հմտությունները բարելավելու միջոցով ՎԱ/ՄՄԱ ծառայությունների որակի բարելավման նպատակով, առավել անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների տրամադրում, մարզային առողջապահության ղեկավարների կարողությունների զարգացում գյուղական բուժհաստատությունների կառավարումն ու վերահսկումը բարելավելու նպատակով, առողջապահության համակարգի բարեփոխումների` բնակչության վերարտադրողական և մոր և մանկան առողջության կարիքներին արձագանքի ապահովում, ինչպես նաև համայնքների ուսուցման և մոբիլիզացման միջոցով բարձրորակ ՎԱ/ՄՄԱ ծառայությունների պահանջարկի ընդլայնում:

Շրջիկ բուժկետեր. շրջիկ բուժկետերի միջոցով հեռավոր համայնքների բնակչության համար ԱԱ բուժծառայությունների հասանելիության ապահովում, գյուղական բուժհաստատությունների վերանորոգում, շրջանառու դեղերի ֆոնդի ստեղծում և առողջապահական հարցերով ուսուցման կազմակերպում:
Հայկական ակնաբուժության նախագիծ. Գլոբալ զարգացման դաշինք է, որն աշխատում է ԱԱ և ակնաբուժական ծառայությունների իրականացման հետևյալ չորս ռազմավարական ուղղություններով. (1) արտագնա ծառայությունների, սկրինինգային հետազոտությունների և բուժման կազմակերպում բնակչության անապահով խմբերի համար, (2) ուսումնական ծրագրերի իրականացում մարզերում աշխատող ակնաբույժների, ընտանեկան բժիշկների (ԱԱ համակարգի բժիշկների) և միջին բուժանձնակազմի համար, (3) հանրային իրազեկման և ուսուցման ծրագրեր, և (4) համաճարակաբանություն:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն. Գլոբալ զարգացման դաշինք է, որն աշխատում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. (1) ԱԱ ծառայությունների ծավալի ընդլայնում (ամենամյա պարտադիր բժշկական զննումների, առողջության ամրապնդման, կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգների, ախտորոշիչ և ուղեգրման ծառայությունների, սեռավարակների բուժման և ամենամսյա շրջիկ ծառայությունների ընդգրկում), (2) հիվանդությունների կանխարգելման/ առողջ ապրելակերպի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների իրականացում քաղաքային և գյուղական վայրերում, պացիենտների համար նախատեսված կրթական նյութերի տարածում, կրծքագեղձի քաղցկեղով տառապող անձանց համար խորհրդատվական ծառայությունների և աջակցության խմբերի կազմակերպում, ինչպես նաև կենտրոնի կողմից իրականացվող ԱԱ ծառայությունների շրջանակների ընդլայնում, (3) ախտաբանական լաբորատորիայի ընդլայնում և արյունաբանական լաբորատորիայի բացում, կենտրոնի անձնակազմի կլինիկական և կառավարման հմտությունների բարելավում, ինչպես նաև պատշաճ հաշվետվությունը, ծախսերի հաշվառումն ու պացիենտների քարտերի վարումն ապահովելու նպատակով կառավարման որակյալ մի համակարգի մշակում:

Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!