Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > Ծրագրեր ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Ժողովրդավարություն և կառավարում

Բարելավված ժողովրդավարական կառավարում

1991 թվականին անկախության ձեռքբերումից հետո Հայաստանին լուրջ խնդիրներ բաժին հասան: Տասնամյակից քիչ ավել տևած անցումային շրջանում կառավարման խորհրդային համակարգից դեպի ժողովրդավարականն անցնելիս երկրի ունեցած առաջընթացը միանշանակ գնահատական չունի: Բոլորովին վերջերս 2004 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած թերությունները ստվեր են գցում Հայաստանի քաղաքական դաշտի վրա: Բարելավված ժողովրդավարական կառավարման ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի առաջնային նպատակը բարեփոխումների ինստիտուցիոնալացումն է` 2007 թվականի խորհրդարանական և 2008 թվականի նախագահական ազատ, բաց և արդար ընտրություններն ապահովելու համար:

Այս հիմնական նպատակին են ծառայում քաղաքական վերնախավի ներսում մրցակցությունը բարձրացնելուն և Հայաստանում իշխանությունն ապակենտրոնացնելուն ուղղված մի շարք նախաձեռնություններ: Մասնավորապես, դրանք ընդգրկում են օրենսդիր մարմինների հզորացմանը, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, քաղաքական կուսակցությունների կայացմանը (հատկապես քաղաքական կայնքին կանանց մասնակցությունը խթանող), տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության հզորացմանը նպաստող ծրագրեր, որոնք ավելի մանրամասն ներկայացված են ստորև:

Գործունեության առաջին ոլորտը նպատակային աջակցությունն է կառավարական հաստատություններին. ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակում է որոշ կառավարող մարմիններին` վերջիններիս կառավարման ներքին համակարգն ամրապնդելու, անցումային բարեփոխումներ իրականացնելու կարողությունները զարգացնելու, վերահսկումն ու հարկային պարտականությունների իրականացումը բարելավելու (սա հատկապես վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին), ինչպես նաև նրանց գործունեությունն առավել թափանցիկ և հասարակության համար հասանելի դարձնելու նպատակով: Այսպիսով, ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն է ցուցաբերում օրենսդրի, տեղական իշխանությունների և իրավական համակարգի կայացմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերը նաև շեշտադրում են օրենսդիր և գործադիր իշխանությունների բաժանումը, ինչպես նաև այլախոհության ու իշխանությունների հակակշիռ հանդիսացող կառույցների սատարումը: Աջակցելով իրավապաշտպան ՀԿ-ներին և ոչ պետական լրատվամիջոցներին` ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է այլընտրանքային տեսակետների արտահայտմանը և դրանց ընդգրկմանը որոշումների կայացման գործընթացում: Քաղաքացիական հասարակությունը պետության կողմից իրականացվող որոշակի փոփոխություններ է պահանջում: Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակել է քաղաքացիական հասարակության կայացմանը Հայաստանում, որն առաջին քայլերն է անում որպես այդպիսին հանդես գալու ուղղությամբ: Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակն է աջակցել իրավապաշտպան ՀԿ-ների` իբրև քաղաքական և օրենսդրական փոփոխությունները ջատագովող արդյունավետ և քաջատեղյակ կառույցների կայացմանը:

Այսպիսով, ընդլայնված քաղաքացիական մասնակցություն ապահովելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն ընդլայնում է տեղերում քաղաքացիների մասնակցության խթանմանն ուղղված իր գործունեությունը, ինչպես նաև իրավապաշտպան ՀԿ-ների կայացման օժանդակությունը` վերջիններիս ֆինանսավորելով և իրավապաշտպանություն իրականացնելու նպատակով դրամաշներհներ հատկացնելով, ինչպես նաև տրամադրելով համապատասխան տեխնիկական աջակցություն: Բացի դրանից, ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է ոչ պետական լրատվամիջոցների կայացմանը` տրամադրելով օժանդակություն, որի նպատակը վերջիններիս գործարար կարողությունների ամրապնդումն է, ինչպես նաև գորհագեցած շուկայի համակարգումն ու առավել օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումը լրատվամիջոցների կողմից: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը փորձում է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաև ներգրավել հանրությանը համայնքային խնդիրները լուծելիս: ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակում է հանրության իրազեկման քարոզարշավներին` ներգրավելով ՀԿ-ների, լրատվամիջոցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև ներկայացնելով կոռուպցիայի բացասական դերն ու դրա դեմ պայքարելու գործում յուրաքանչյուր կողմի պարտականությունը:

Իր բոլոր ծրագրերում ԱՄՆ ՄԶԳ-ն անդրադառնում է կոռուպցիայի դեմ պայքարին, քանզի կոռուպցիայի գոյությունը Հայաստանում չի հերքվում, բայց այնուհանդերձ, լուրջ քաղաքական կամք չի դրսևորվում խնդիրը լուծելու ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն է ցուցաբերում Ազգային ժողովին, Վերահսկիչ պալատին (Հայաստանի գերագույն վերահսկիչ մարմին) և դատական համակարգին` դատավորների և իրավաբանների աշխատանքի էթիկական կանոնների ներդրմանն ու կիրառմանը նպաստելու, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից օժանդակություն ստացող բոլոր ոլորտներն առավել թափանցիկ ու հաշվետու դարձնելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն նաև աջակցում է ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և մասնավոր հատվածին հասարակության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարը սերմանելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ ուղղված ծրագրեր իրականացնելու վերջիններիս աշխատանքներում:

Ընթացիկ գործունեություն

Հանրության իրազեկում և մասնակցություն. ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է զարգացնել իրենց համայնքներում իրավապաշտպանություն իրագործելու քաղաքացիների հմտությունները` առանձնապես կարևորելով կանանց մասնակցությունը: Մեկ այլ ծրագրով աջակցություն է ցուցաբերվում քաղաքացիական հասարակության զարգացմանը քաղաքացիական նախաձեռնությունների խմբերի միջոցով, ինչպես նաև զարգացնելով քաղաքական կուսակցությունների ունակությունը անմիջական կապեր հաստատել իրենց ընտրողնրի հետ:

Անկախ լրատվամիջոցներ. ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է անկախ լրատվամիջոցների կայացմանը` տեխնիկական օժանդակություն ցուցաբերելով, ինչպես նաև վերջիններիս համար կառավարման և ժուրնալիստիկայի դասընթացներ կազմակերպելով: Բացի այդ, Եվրասիա Հիմնադրամի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորում է անկախ տպարանի հիմնումը, որը հանդես կագա որպես լրագրերի տպագրմամբ զբաղվող պետական տպարանի այլընտրանք:

Քաղաքացիական կրթություն. ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակում է ՀՀ կառավարությանը Հայաստանի բոլոր միջնակարգ դպրոցների 8-10 դասարանների դասացուցակում քաղաքացիական կրթության ժամերի ընդգրկման գործում:

Տեղական ինքնակառավարման մարմիններ. գիտակցելով տեղական իշխանությունների կարևորագույն դերը մարդկանց կյանքում` ԱՄՆ ՄԶԳ-ն խթանում է քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացին, զարգացնում է տեղական ինքնակառավարման մարմինների` ծառայություններ մատուցելու և տնտեսության զարգացմանը նպաստելու ունակությունները, ինչպես նաև նպաստում է ֆինանսական և վարչական ապակենտրոնացմանը:

ՀԿ-ների հզորացում. ԱՄՆ ՄԶԳ-ն հասարակական կազմակերպությունների մոտ զարգացնում է կոալիցիաներ հիմնելու և իրավապաշտպանություն իրագործելու կարողությունները, ինչպես նաև նպաստում է Երևանից դուրս ձևավորվող ՀԿ սեկտորի աճին և կայացմանը: Ծրագրի հատուկ բաղադրիչն է ՀԿ-ների քարոզչության միջոցով կանանց քաղաքական մասնակցության խթանումը:

Օրենսդիր մարմնի հզորացում. ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Ազգային ժողովի ներքին կարողությունների ամրապնդմանը` մասնավորապես կարևորելով բյուջեի վերահսկման գործընթացի վերլուծության բարելավումը: Ծրագիրը նաև նպատակ ունի բարելավել կապերն ընտրողների հետ և հանրության իրազեկման մեխանիզմները, ինչպես նաև բարձրացնել Ազգային ժողովի գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը հանրության և լրատվամիջոցների համար:

Օրենսդրական և դատական բարեփոխումներ. անկախ դատական ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումներ մշակելու և իրականացնելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է դատական համակարգի հետ: ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է իրավաբանների մասնագիտական միությունների արդյունավետությանը, ինչպես նաև աջակցում է իրավաբանական կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը` համագործակցելով Երևանի, Գյումրիի և Գավառի մի շարք մասնավոր համալսարանների հետ:

Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!