Խաչաձևվող գործունեություն
Բազմաբնագավառային ծրագրեր
ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորում է մի շարք բազմաբնագավառային ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք կարևոր են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ռազմավարական նպատակների իրականացման համար, և որոնք հիմնական ծրագրերի հետ համատեղ նպաստում են ընդհանուր ծրագրային տեսլականի իրականացմանը:
Մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում. այս ծրագիրը նախատեսում է բարելավել ԱՄՆ ՄԶԳ-ի ռազմավարական նպատակների իրականացումն ապահովելու համար խիստ կարևոր կառույցների և անհատների աշխատանքային ունակությունները և կատարողականը: Առանց նման լուրջ բարելավման կառավարական բարեփոխումների հաջող իրականացումը քիչ հավանական է: ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատանքային և ինստիտուցիոնալ կարիքների վերլուծություն է կատարում, ինչպես նաև համատեղում է գիտելիքների, ունակությունների և դիրքորոշումների բարելավմանն ուղղված միջոցառումները այլ աշխատանքային խոչընդոտների հաղթահարմանն ուղղված տեխնիկական օժանդակության ծրագրերի հետ:
Եվրասիա հիմնադրամ. ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակում է ֆինանսավորել Եվրասիա Հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` իր հիմնական դրամաշնորհի շրջանակներում: Եվրասիա Հիմնադրամի Դրամաշնորհային և վարկային ծրագիրն ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանն ու աճին, արդյունավետ հանրային կառավարման և ամրապնդված քաղաքացիական հասարակության խթանմանը, լրատվության և հաղորդակցության միջոցների հզորացմանը, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, ինչպես նաև սոցիալական գիտությունների ոլորտում հետազոտությունների իրականացմանը:
Կրթություն. կրթության ոլորտի լուրջ ծրագրային բացերին պարբերաբար անդրադառնալու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն իր ծրագրի ռազմավարական նպատակների մեջ ներառել է կրթության բաղադրիչը: Ստորև բերված են կրթության զարգացմանն ուղղված միջոցառումների օրինակներ. նվիրատվություն Հայաստանի ամերիկյան համալսարանին, տնտեսագիտական դասընթացներ միջնակարգ դպրոցներում, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական բաժնի զարգացմանն ուղղված ծրագիր, հաշվապահության և աուդիտի կրթական ծրագրի մշակում երեք ուսումնական հաստատության համար` ԵՊՀ, Պետական տնտեսագիտական ինստիտուտի (ՊՏԻ) և Սլավոնական համալսարանի համար, ընտանեկան բժշկության միօրինակացված կրթական ծրագրի մշակում Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի համար, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) գործարարության կրթական ծրագրի մշակում, ինչպես նաև աջակցություն ԵՊՀ-ին, ՀՊՃՀ-ին և ՊՏԻ-ին ծրագրային բարեփոխումների իրականացման, մեծահասակների ուսուցման կազմակերպման և նշված հաստատությունների համակարգչային բաժինների համար հանրային կապերի ծրագրերի մշակման ոլորտում: ԱՄՆ ՄԶԳ-ի այս ծրագրերը համալրում են Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը:
