Հայաստանի մասին
Մոտավորապես Մերիլենդ նահանգի տարածքը (29.800 քառակուսի կիլոմետր) ունեցող Հայաստանը Կովկասի շրջանում գտնվող լեռնային մի երկիր է, որն ընդհանուր սահման ունի Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի հետ: 1991 թվականի սեպտեմբերին Հայաստանի ժողովուրդն ընտրեց Խորհրդային միությունից անկախանալու ճանապարհը: Ինչևէ, ԽՍՀՄ փլուզումը վերջ դրեց կայացած առևտրային կապերին ու երկիրը զրկեց ապահով շուկաներից, որոնց շնորհիվ Հայաստանը դարձել էր նախկին ԽՍՀՄ առավել զարգացած հանրապետություններից մեկը:
Հայաստանի անկախության առաջին տարիներին բնորոշ էր կտրուկ տնտեսական անկումն ու էներգետիկ ճգնաժամը: Այս իրավիճակը մի նոր մարդասիրական ճգնաժամի հանգեցրեց, քանզի երկիրը դեռ չէր հաղթահարել 1888 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական դժվարությունները (երկրաշարժի հետևանքով մահացել էր 25.000 մարդ և մոտ 500.000 մարդ անօթևան էր մնացել): 1990-ականների սկզբին երկրում տեղ գտած ճգնաժամերն ավարտվել են, սակայն քաղաքական և տնտեսական համակարգերը դեռ նոր են ձևավորվում, իսկ կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ կատարված քայլերը բավարար չեն խնդիրները լուծելու համար:
Չնայած վերջին տարիներին Հայաստանում դրական տնտեսական աճ է արձանագրվել, երկիրը բոլորովին վերջերս է հասել անկախությունից առաջ առկա եկամուտների մակարդակին: Հայաստանի ներքին քաղաքական դաշտը մնում է անկայուն, իսկ հարաբերությունները հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ` լարված: Եվ վերջապես սոցիալական ապահովության համապատասխան համակարգի բացակայությունը թույլ չի տալիս հոգալ բնակչության խոցելի խմբերի, այդ թվում և անցումային գործընթացի հետևանքով դժվարություններ կրող մարդկանց հիմնական կարիքները:
Չնայած վերը նշված բոլոր հանգամանքներին, անկախությունից ի վեր Հայաստանը դարձել է Կովկասի ռազմավարական կարևորություն ունեցող հանրապետություններից մեկը, և տարածաշրջանում ԱՄՆ շահերի տեսանկյունից շատ կարևոր է երկրի առաջընթացը դեպի ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը:
1988 թվականից ի վեր առավելապես մարդասիրական օգնությունից ԱՄՆ ՄԶԳ-ն անցել է երկարաժամկետ զարգացման ծրագրերի` օժանդակելով Հայաստանին դեպի ազատ շուկայական հարաբերություններ անցում կատարելու գործում: Ներկայումս առաքելությունը ռազմավարական նշանակություն է տալիս հետևյալ ոլորտներին. մասնավոր հատվածի ընդլայնում, էներգետիկայի զարգացում, ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված կառավարում, սոցիալական և առողջապահական համակարգերի բարեփոխում: Նշված ոլորտներում գործակալությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում, որոնց նպատակն է հավասարակշռության բերել մակրո-մակարդակի բարեփոխումների և կայունության կարիքները մի կողմից ու Հայաստանի ազգաբնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված ջանքերը մյուս կողմից:
1994 թվականից ի վեր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված ֆինանսավորումը կազմում է միջինը մոտ 67 միլիոն ԱՄՆ դոլար տարեկան: Մեկ բնակչին բաժին հասնող միջոցների առումով Հայաստանն ԱՄՆ-ի կողմից ամենամեծ օգնությունը ստացող երկրներից մեկն է:
