Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > Ծրագրեր ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Մասնավոր սեկտոր

Զբաղվածության աճ մրցունակ մասնավոր հատվածում

Հայաստանը Խորհրդային Միության առավել զարգացած արդյունաբերություն ունեցող հանրապետություններից մեկն էր: 1970-ական և 1980-ական թվականներին արդյունաբերությունը կազմում էր համախառն ներքին արդյունքի ավելի քան երկու երրորդը, և կես միլիոն մարդ աշխատում էր այդ ոլորտում: Սակայն 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժը, որի արդյունքում երկիրը կորցրեց իր արդյունաբերական կարողության գրեթե 40 տոկոսը, խոշոր տնտեսական ետընթացի պատճառ դարձավ: Սրան հաջորդող Խորհրդային Միության փլուզումն ու վերջինիս առևտրային, վճարումների և ֆինանսական համակարգերի քայքայումը ծանր հարված հասցրեցին Հայաստանի տնտեսությանը: Բացի դրանից, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պարտադրված բեռնարգելքը խոչընդոտում էին տնտեսության վերականգնմանը:

Վերջին ժամանակներում նկատվել է աննախադեպ տնտեսական առաջընթաց: 2004 թվականին ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 10.1 տոկոս: Սղաճը շարունակում է աննշան մնալ: Իրականացված բարեփոխումների արդյունքում նախկին ԽՍՀՄ ոչ-մերձբալթյան հանրապետությունների շրջանում Հայաստանը լավագույն մակրոտնտեսական ցուցանիշներն ունեցող երկրի համբավ է ձեռք բերել: Հայաստանի բանկային օրենսդրությունը նախկին ԽՍՀՄ տարածքում հայտնի առավել լիբերալ օրենսդրություններից մեկն է և ոչ մի կերպ չի սահմանափակում օտարերկրյա բանկերի գործունեությունը: Հայաստանի անդամությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) երկրի ունեցած ձեռքբերումների ևս մեկ ապացույց է:

Չնայած վերջին ժամանակներում ունեցած նվաճումներին, աղքատությունը երկրում շարունակում է համատարած բնույթ կրել: Հայաստանի անցումը դեպի ազատ շուկայական հարաբերություններ ազգաբնակչության կենսամակարդակի կտրուկ անկման և եկամուտների զգալի անհավասարության պատճառ դարձավ: Անգամ մի քանի տարվա ակտիվ տնտեսական աճի պայմաններում բնակչության մոտ 42 տոկոսն աղքատության մեջ է ապրում, իսկ յուրաքանչյուր տասնչորսերորդ բնակիչ ծայրաստիճան աղքատ է: Չնայած վիճակագրական տվյալները բարելավվում են (2003 թվականին յուրաքանչյուր բնակչին բաժին հասնող ՀՆԱ-ն կազմում էր 873 ԱՄՆ դոլար, իսկ 2004 թվականին` արդեն 1.104 ԱՄԴ), եկամուտների անհավասար բաշխումը պահպանվում է` կազմելով Հայաստանի կարևորագույն տնտեսական խնդիրներից մեկը:

Գործազրկության կրճատման, ուստի և աղքատության հաղթահարման գործում հանգուցային դեր խաղում են և խաղալու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ): ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը մեծ ուշադրություն է դարձնում կայուն ՄՓՄՁ-ի զարգացմանն ուղղված իր ռազմավարությանը` միևնույն ժամանակ օժանդակելով մրցունակ մասնավոր հատվածի կայացմանը, ինչը նշված ձեռնարկություններին թույլ կտա բարգավաճել: Ակնկալվում է, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն թե գործարար միջավայրի բարելավման և թե կենսունակ ՄՓՄՁ-ի զարգացման արդյունքում:

Գործարար միջավայրի բարելավում

Շարունակելով արդեն իսկ հաջողությամբ պսակված ջանքերը, որոնց նպատակն էր սկսել ֆինանսական ոլորտի և կապիտալի շուկայի բարեփոխումները և, այսպիսով, ամրապնդել տեղական ֆինանսական հաստատությունների` որպես ֆինանսական միջնորդ հանդես գալու ունակությունները, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը նպատակ ունի. (1) խրախուսել այնպիսի նոր կառույցների մուտքը ոլորտ, ինչպիսիք են վարկային միությունները, ֆինանսական լիզինգով զբաղվող կազմակերպությունները և այլ ոչ-բանկային ֆինանսական հաստատությունները (ՈԲՖՀ), քանզի վերջիններս լավագույնս են արձագանքում փոքր և միջին ձեռնարկությունների կարիքներին, (2) շարունակել հզորացնել իրավական և կարգավորող դաշտերը` ներդրողների վստահությունը շահելու համար, և (3) ընդլայնել հաշվապահության և աուդիտի միջազգային ստանդարտների կիրառումը` նպաստելով ներդրումային գործընթացի թափանցիկությանը և այդ գործընթացի նկատմամբ վստահության աճին: Բոլորը միասին այս նորամուծությունները կնպաստեն վարկերի մատչելիության բարձրացմանը ՄՓՄՁ-ի համար:

ԱՄՆ ՄԶԳ-ն նաև աջակցում է Հայաստանի կենտրոնական բանկին (ՀԿԲ)` ՈԲՖՀ-ի առավել արդյունավետ գործունեությանը նպաստող կարգավորիչ հիմնադրույթների կիրառման գործում: Այս միջոցառումները կնպաստեն ներքին խնայողությունների աճին` միևնույն ժամանակ բարձրացնելով կապիտալի մատչելիությունը մասնավոր ձեռնարկատերերի համար: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը խրախուսում է նաև մասնավոր ձեռնարկությունների աճը` նվազեցնելով կարգավորիչ խոչընդոտների թիվը, բարելավելով տնտեսական իրավունքների պաշտպանությունը և մշակելով վեճերի լուծման ավելի արդյունավետ մեխանիզմներ: Աջակցություն է ցուցաբերվում նաև հարկային այնպիսի քաղաքականության կայացմանը, որը խթանում է փոքր բիզնեսի աճը:

Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աճ

Հայաստանի բնակչության համար նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության կարևորագույն բաղկացուցիչներից է ՄՓՄՁ-ի բարգավաճմանը նպաստող պայմանների ապահովումը: Մասնավոր ձեռնարկությունների մրցակցության բարձրացմանը նպաստող գործոններն են ընկերությունների` նորամուծություններ կատարելու և կատարելագործվելու ունակությունը, արտադրության համապատասխան ճյուղերի արդիականացման մակարդակը, հմուտ աշխատուժի առկայությունը, ինչպես նաև ձեռնարկությունների, արտադրության ճյուղերի, մասնագետների և շուկաների միջև տեղեկատվության հոսքի և փոխանակման արդյունավետությունը: Ներկայումս Հայաստանը գտնվում է այնպիսի մի իրավիճակում, երբ նշված գործոններից շատերը մասամբ կամ ամբողջովին բացակայում են: Բոլոր նշված գործոնները պետք է միաժամանակ զարգանան, որպեսզի հայկական կազմակերպությունները լինեն մրցունակ:

Այս նպատակին հասնելու համար ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը (1) հատուկ ուշադրություն է դարձնում կատարելագործման ներուժ ունեցող արտադրության ճյուղերի օժանդակությանը, (2) աշխատուժի զարգացման ծրագրերի միջոցով նպաստում է հմուտ աշխատուժի զարգացմանը, (3) բիզնեսի զարգացման ծառայությունների միջոցով աջակցում է ՄՓՄՁ-ի` Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ՍՄԿ) ստանդարտներին համապատասխանեցնելու ջանքերին, և (4) ապահովում է գործատուների և աշխատանք փնտրողների ցանցի առավել արդյունավետ օգտագործումը: Նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն ջանում է բարձրացնել վարկերի մատչելիությունը ՄՓՄՁ-ի համար` ֆինանսային հաստատությունների հիմնական ունակությունների ամրապնդման և ՄՓՄՁ-ի ֆինանսական կարիքներին համապատասխանող ֆինանսական նոր ծառայությունների ներմուծման միջոցով նպաստելով վարկավորման պայմանների բարելավմանը:
ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության ընթացքում մշտապես անդրադարձ կկատարվի հետևյալ կարևոր հարցերին. արդյոք ստեղծվում են կայուն աշխատատեղեր, արդյոք ձեռնարկությունները եկամուտ են ստանում, և կրճատվում են արդյոք աղքատությունն ու գործազրկությունը:

Ընթացիկ գործունեություն

Ագրոբիզնեսի շուկայի զարգացում. ագրոբիզնեսի խոստումնալից ենթաոլորտների բացահայտում և կոնկրետ գործողությունների իրականացում ագրոբիզնեսի ձեռնարկությունների մակարդակով, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր և շուկայական նոր հնարավորություններ են ստեղծվում փոքր ու միջին ձեռնարկությունների համար:

Առևտրային օրենսդրություն և տնտեսական կանոնակարգում. շարունակական աջակցություն շուկայական բարեփոխումներին նպաստող օրենքների և կանոնակարգերի մշակմանը` մասնավոր ձեռնարկությունների աճը խթանելու նպատակով:

Զարգացման վարկ ստանալու լիազորություն (ԶՎԼ). մասնավոր բանկերին և ինստիտուցիոնալ ներդրողներին մասնակի երաշխիքների տրամադրում, որի նպատակն է (ա) նպաստել վարկերի մատչելիությանը ՄՓՄՁ-ի համար, և (բ) խթանել մասնավոր ներդրումները ոչ-բանկային ֆինանսական կազմակերպությունների կողմից առևտրային մուրհակների թողարկման գործում:

Ֆերմերը ֆերմերին կովկասյան ծրագիր. սննդամթերքների արտադրությունը և բաշխումն ավելացնելու նպատակով համագործակցություն ֆերմերների հետ` ուղղված հողագործության և մարքեթինգի աշխատանքների բարելավմանը:

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ. տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման խթանում տեխնիկական աջակցության (ներառյալ հեռահաղորդակցության բնագավառում առկա մենաշնորհը վերացնելու գործում ՀՀ կառավարությանն իրականացվող օժանդակությունը), սարքավորումների տրամադրման և դասընթացների միջոցով:

Միկրոձեռնարկությունների զարգացում. Հայաստանի միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսական և շուկայական ուղղվածություն ունեցող բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության բարձրացում, ինչպես նաև ֆինանսական կայունության հասնելու գործում միկրոֆինանսավորմամբ զբաղվող հաստատությունների հնարավորությունների բարելավում:

Արժեթղթերի շուկայի զարգացում. Հայաստանի ֆոնդային բորսայի, կենտրոնական ավանդատան և արժեթղթերի կոմիտեի ունակությունների ամրապնդում, որպեսզի վերջիններս արդյունավետ կերպով հանդես գան իբր միջնորդներ և կայունություն ձեռք բերեն:

Հարկային բարեփոխումներ. Պետական հարկային ծառայության կառավարման բարելավում` ուղղված Հայաստանում գանձվող հարկերի հաշվին գոյացող պետական եկամուտների աճին, ինչպես նաև հարկային համակարգի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարելավմանը:

Առևտրի ֆինանսավորման զարգացում. օժանդակության տրամադրում առևտրի և արտահանման ոլորտում գործող ՓՄՁ-ի ֆինանսական շահերին ծառայող ոչ-բանկային ֆինանսական հաստատություններին` առևտրի ֆինանսավորման բնագավառում կառավարման հմտությունների և փորձի կուտակմանը նպաստող տեխնիկական աջակցության միջոցով:

Հայաստանի մասնավոր սեկտորի մրցունակության ծրագիր. Մրցակցղության աճի խթանում, ՓՄՁ մրցունակության բարելավում որոշակի ոլորտներում (տուրիզբ և տեղեկատվական տեխնոլոգիաներ`  արդյունքում աշխատատեղերի ստեղծում և վաճառքի ծավալի ավելացում:

 

Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!