Skip to main content
Armenian flag stripes
USAID/Armenia Logo ԱՄՆ Դեսպանատուն
ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոն
English version
Սկիզբ > Ծրագրեր ՏՊԵԼ ՏՎՅԱԼ ԷՋԸ *

Ջուր և էներգետիկա

Էներգետիկ և ջրային ռեսուրսների հասանելիության ապահովություն և կայունություն

Հայաստանի բնական ռեսուրսների, մասնավորապես ջրային և էներգետիկ ոլորտների պատշաճ և արդյունավետ կառավարումը չափազանց կարևոր է երկրի տնտեսական աճի և կայուն զարգացման համար: ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատանքներն ուղղված են էներգետիկ ոլորտի զարգացմանը և ջրամատակարարման և դրա որակի ապահովմանը, ինչը թույլ կտա հասնել Հայաստանում ԱՄՆ կառավարության աջակցության երեք հիմնական նպատակներին. (ա) վտանգ ներկայացնող ատոմային էներգիայի վրա չհիմնված էներգետիկ ապահովություն, (բ) աջակցություն տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին, և (գ) Հայաստանի բոլոր քաղաքացիների համար հիմնական կոմունալ ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում: Այս ծրագիրն ուղղված է ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտի կառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև անվտանգ, վստահելի, մատչելի և հասանելի ծառայությունների ապահովմանը: Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է լուծել ջրի և էներգետիկայի հետ կապված խնդիրները:

Չնայած դեռևս շարունակվող խնդիրներին, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շնորհիվ Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել ջրամատակարարման և էներգետիկ համակարգերում: Ենթակառուցվածքների վիճակի բարելավմանը զուգընթաց իրականացվել են կարգավորիչ և ինստիտուցիոնալ դաշտերի բարեփոխումներ, հատկապես էներգետիկայի բնագավառում, ինչի հաշվին նշված ոլորտներն ավելի թափանցիկ, հաշվետու և ինքնուրույն են դարձել: Վերացել են հոսանքազրկումները, ինչը խթան է հանդիսանում գործարարության զարգացման համար:

Էներգետիկա

Նույնիսկ վերը նշված առաջընթացի պայմաններում երկրի էներգահամակարգը շարունակում է թույլ և խոցելի մնալ: Հայաստանի էներգետիկ պահանջների մոտ 75 տոկոսը կախված է ներմուծվող բնական գազից և միջուկային վառելիքից, մինչդեռ շարունակվող քաղաքական վեճերի հետևանքով երկիրը չի կարող լիարժեք կերպով օգտվել Կովկասի, Իրանի և Կենտրոնական Ասիայի ռեսուրսներից: Հարավային Ռուսաստանում առկա անկայուն վիճակի (գազատարի դիտավորյալ վնասում), ինչպես նաև Վրաստանի էներգետիկ համակարգի խնդիրների պատճառով Ռուսաստանի ռեսուրսների հասանելիությունը նույնպես խնդիր է հանդիսանում: Ներկայումս Ռուսաստանը Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կառույցների սեփականատերն է հանդիսանում, ինչը կարող է հանգեցնել ավելի լայն, ընդհուպ մինչև արևմտյան Եվրոպան ընդգրկող, տարածաշրջանային համագործակցության առաջարկների էներգետիկայի ոլորտում: Ներկայիս կիսաքայքայված ջեռուցման համակարգը ծախսարդյունավետ չէ և չի կարող բավարարել սպառողի պահանջները: Ջեռուցման նպատակով է օգտագործվում էլեկտրաէներգիայի 50 տոկոսը, և Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 80 տոկոսի համար ջեռուցման հետ կապված ծախսերը ֆինանսական մեծ բեռ են հանդիսանում:

Առանձնահատուկ խնդիր է Մեծամորի ատոմակայանը: Ատոմակայանը երկրի էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կառույցն է և ունի մոտ 400 մեգավատ աշխատանքային հզորություն, սակայն այն չի համապատասխանում անվտանգության արևմտյան չափանիշներին: Բացի դրանից, կոռուպցիայի պատճառով կայանը շարունակ ֆինանսական միջոցների պակաս ունի, ինչի արդյունքում դժվարանում է կայանի պահպանումն ու շահագործումը: ԱՄՆ-ն և Եվրամիությունը շարունակում են ճնշում գործադրել ՀՀ կառավարության վրա, որպեսզի վերջինս փակի ատոմակայանը: Այնուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Մեծամորի ատոմակայանի փակման դեպքում Հայաստանի սպառողները ստիպված կլինեն ամեն տարի լրացուցիչ 100 միլիոն ԱՄՆ դոլար վճարել, ինչը ներկա տնտեսական իրավիճակի պայմաններում բնակիչներն իրենց չեն կարող թույլ տալ:

ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին ստեղծելու արդյունավետ, հուսալի և ծախսարդյունավետ էներգետիկ մի համակարգ, որը կհամապատասխանի նոր ձևավորվող շուկայական տնտեսության կարիքներին: Նման համակարգը շատ կարևոր է կայուն տնտեսական աճի, շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական բարեկեցության համար: Հայաստանին այս հարցում օժանդակելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի էներգետիկ ոլորտի ծրագրի ջանքերն ուղղված են (1) մասնավոր հատվածի ներգրավվածության բարձրացմանը, (2) տնտեսական և բնապահպանական արդյունավետության խթանմանը, և (3) էներգիայի աղբյուրների զանազանեցմանը:

Ջրային տնտեսություն

Հայաստանի խմելու ջրի և հոսքաջրերի ենթակառուցվածքները անմխիթար վիճակում են, ոռոգման համակարգը քայքայվում է, իսկ Սևանա լիճը անխնա շահագործվում է: Խմելու ջրի աղբյուրներն ախտոտված են, ջրային ռեսուրսների բաշխումը ռացիոնալ չէ, իսկ սահմանային ջրային ռեսուրսները պատշաճ կերպով չեն կառավարվում: Ջրի որակի վերահսկողության և ջրի հոսքի օպտիմալացման արդյունավետ ազգային և տարածաշրջանային համակարգերի բացակայությունը վտանգում է առափնյա գոտիների համայնքների էկոլոգիան և բնակչության առողջությունը, ինչպես նաև խոչընդոտում է տարածաշրջանում քաղաքական և տնտեսական համագործակցության առաջընթացը:

Ջրային տնտեսության բարեփոխմանն ու վերակառուցմանն ուղված ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատանքների նպատակն է օժանդակել ջրային ռեսուրսների կառավարման համապարփակ, արդյունավետ և կայուն համակարգի կայացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի ջրային ոլորտի ընտրված հաստատությունների ինստիտուցիոնալ և ֆինանսական կայունության ամրապնդմանը և դրանց գործունեության արդյունավետությանը, ինչը թույլ կտա այդ հաստատություններին ավելի մեծ դեր ունենալ իրենց բաժանորդների կարիքներին արձագանքելու գործում:

Ընթացիկ գործունեություն

Համագործակցություն Հայաստանի էներգետիկայի ոլորտում. էներգետիկայի ոլորտի պետական հաստատությունների մասնավորեցում, սպառողների ուսուցման և նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով էներգետիկ ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում, ինչպես նաև էներգետիկ ապահովության բարելավում էներգետիկ ռեսուրսների զանազանեցման, այդ թվում նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների ծրագրերի շնորհիվ:

Ջրի չափում, վարձերի հաշվարկ և հավաքագրում. Հայաստանի ջրային ոլորտի ընտրված հաստատությունների ինստիտուցիոնալ և ֆինանսական կայունության ամրապնդման և դրանց գործունեության արդյունավետության ապահովում:

Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի աուդիտ. Հայաստանի “Ջրմուղ-կոյուղի” ընկերության ֆինանսական աուդիտ 2004 թվականին:

Էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ջեռուցման համակարգեր. էներգետիկ ոլորտի արդյունավետության և էկոլոգիական անվտանգության բարելավում, էներգիայի վերականգնվող աղբյուրների բացահայտում:

Ուսումնական հաստատությունների ջեռուցում. Հայաստանի 20 դպրոցների ջեռուցման համակարգերի վերակառուցում և վերականգնում:

Ջրային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ և կանոնակարգային ամրապնդում. Հայաստանի ջրային ռեսուրսները կառավարող և կանոնակարգող հաստատությունների ինստիտուցիոնալ ամրապնդում և գործունեության թափանցիկության ապահովում:

Տարածաշրջանային կարգավորող ընկերակցություն. աջակցություն Հայաստանի պաշտոնյաների և նրանց ամերիկյան գործընկերների համագործակցությանը հանրապետության կարգավորող հանձնաժողովներին սատարելու նպատակով:

Հայաստանում բարեփոխումների ամրապնդման և էներգետիկ ապահովության բարելավման ծրագիր. էներգետիկայի ոլորտը կառավարող հաստատությունների գործունեության արդյունավետության և թափանցիկության ապահովում:

Scenes From Armenia

 





Get Adobe Reader now! This website contains PDF documents. To read them,
Get Adobe Reader!