Սոցիալական ապահովություն
Բարելավված սոցիալական ապահովություն
Խորհրդային միության փլուզումը, 1988 թվականի երկրաշարժն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ունեցած ընդհարումները նպաստեցին Հայաստանի տնտեսական կայունության կտրուկ անկմանը: Այս պատճառով սոցիալական ապահովության ծրագրերից շատերը կամ թերի էին ֆինանսավորվում, կամ էլ, որոշ դեպքերում, դադարեցվում էին:
Ինչևէ, ներկայումս Հայաստանը եռանդուն կերպով վերականգնում է իր տնտեսությունը, և մի քանի տարի անընդմեջ ՀՆԱ-ի զգալի աճ է արձանագրվում: Այս նվաճումներին համընթաց ԱՄՆ ՄԶԳ-ն և սոցիալական ծրագրերի ոլորտում առաքելության հիմնական գործընկերը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցում են սոցիալական ապահովության կայուն մի համակարգ ձևավորելու նպատակով:
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը սոցիալական ապահովության ոլորտում
Մինչև 2000 թվականը ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը Հայաստանի սոցիալական ապահովության ոլորտում հիմնականում ուղղված էր մարդասիրական օգնության տրամադրմանը, որի նպատակն էր թեթևացնել մարդկանց տառապանքն ու նվազեցնել համատարած աղքատությունը: Երբ մարդասիրական ճգնաժամն ավարտվեց, իսկ Հայաստանի տնտեսությունը կայունացավ, ԱՄՆ ՄԶԳ-ի ցուցաբերած սոցիալական աջակցությունն ուղղվեց երկրի սեփական ներուժի զարգացմանը և սոցիալական ապահովության կայուն համակարգերի ստեղծմանը:
ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերի օգնությամբ զգալի տեղաշարժեր են կատարվել սոցիալական ապահովության, սոցիալական աջակցության ծրագրերի, բնակչության անապահով խմբերի համար սոցիալական ծառայությունների տրամադրման, ուսուցման և նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ՀՀ կառավարության սոցիալական ապահովության համակարգերի վերաբերյալ հանրային իրազեկման բնագավառում: Սոցիալական ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերն օժանդակություն են տրամադրում թե միկրո- և թե մակրո- մակարդակներում: Այդ օժանդակության նպատակն է ապահովել խոցելի խմբերի սոցիալական պաշտպանվածությունը սոցիալական ապահովության համակարգերի ձևափոխման, փորձարկման և ներդրման ընթացքում:
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շնորհիվ սոցիալական ապահովության ոլորտի ունեցած խոշոր նվաճումներն են.
• Սոցիալական ապահովության քարտերի ներդրում. սոցիալական ապահովության ծառայությունների որակի բարելավման, այդ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող անձանց խմբերն առանձնացնելու գործընթացի պարզեցման, ինչպես նաև կոռուպցիան նվազեցնելու նպատակով յուրաքանչյուր քաղաքացուն տրվում է անհատական համար ունեցող մեկ քարտ:
• Անհատական հաշիվների գրանցման, համարակալման և վերլուծության համակարգի (ԱՀԳՀՎՀ) մշակում և ներդրում. թույլ է տալիս սոցիալական ապահովության համակարգին վերահսկել յուրաքանչյուր քաղաքացու կողմից կամ նրա համար պետական թոշակային ֆոնդ կատարած բոլոր վճարումները:
• Մանկատների, ծերանոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների և հաշմանդամ երեխաների համար նախատեսված դպրոցների վերանորոգում Հայաստանի ողջ տարածքով մեկ: Այս ծրագրերից շատերն իրականացվել են հանրային աշխատանքների ծրագրերի միջոցով, որոնք ուսուցում և աշխատելու հնարավորություն են տրամադրում գործազուրկներին և ներգրավում են համայնքները զարգացման գործընթացում:
• Սննդի և սոցիալական ծառայությունների ամենօրյա տրամադրում Հայաստանի 6 մարզերում բնակվող շուրջ 8000 կարիքավոր տարեցների:
Ընթացիկ գործունեություն
Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագիր (ՀՍԲԾ). ԱՄՆ ՄԶԳ-ի ամենախոշոր ծրագիրն է, որն օժանդակում է Հայաստանի սոցիալական ապահովության նոր բաժինների, գործակալություննրի և համակարգերի ամրապնդմանը: Այս ծրագիրն ուղղված է մակրո-մակարդակի բարեփոխումներին` ներառյալ անապահով խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությունն ու բոլոր քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծառայությունները (գործազրկության նպաստ, հաշմանդամության թոշակ և այլն) վերահսկող քաղաքական, կանոնակարգող և վարչական համակարգերի բարելավմանը, ինչպես նաև սոցիալական ապահովագրության համակարգերի կառավարմանն ուղղված իրավական և վարչական համակարգերի մշակումն ու ներդրումը:
Առանձնահատուկ ծանր պայմաններում գտնվող երեխաներ. ծրագրի նպատակն է կանխել երեխաների լքումն ու հանձնումը մանկատներին, ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունն ու բարօրությունը իրենց ընտանիքներում և այն հաստատություններում, որտեղ նրանք բնակվում են, ինչպես նաև խրախուսել խոցելի երեխաների ինտեգրումը հանրակրթական հաստատություններում և ընտանիքներում:
Ինտեգրված համայնքային զարգացում. ծրագիրն օժանդակում է Քարակերտի համայնքին կենսամակարդակի բարելավման գործում` վերականգնելով համայնքի սոցիալական ենթակառուցվածքները, այդ թվում նաև ուսումնական և առողջապահական հաստատություններն ու ոռոգման ջրի համակարգը: Բոլոր աշխատանքներն առաջարկվում և իրականացվում են համայնքի կողմից: Այս ծրագիրը փոքր համայնքների համակողմանի վերականգնման օրինակ է:
Համայնքների ինքնաջակցման հիմնադրամ. ենթակառուցվածքների կատարելագործման միջոցով Հայաստանի համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով դրամաշնորհների տրամադրում: Վերականգնման աշխատանքները նախագծում, առաջարկում, համաֆինանսավորում և իրականացնում են հենց համայնքները: Մինչ այժմ իրականացված ծրագրերի շնորհիվ մանկապարտեզներ, ոռոգման համակարգեր և ճանապարհներ են վերանորոգվել:
Օժանդակություն բարեգործական ճաշարաններին. 27 բարեգործական ճաշարանների և 5 համայնքային կենտրոնների օգնությամբ ծրագիրը հոգում է ավելի քան 8000 առավել կարիքավոր տարեցների հիմնական կարիքները (սնունդ, սոցիալական և առողջապահական ծառայություններ):
Զբաղվածության աճին ու զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծում և վերականգնում (ԶԱԶԵՍՎ). Հայաստանի ընտրված մարզերի համայնքներում առավել կարիքավոր գործազուրկ անձանց ուսուցում շինարարության ոլորտում և կարճաժամկետ աշխատանքի ապահովում համայնքի ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքների ընթացքում:
Նպատակային մարդասիրական օգնություն. մանկատներում, ծերանոցներում, հաշմանդամ երեխաների համար նախատեսված դպրոցներում և այլ մասնագիտացված հաստատություններում բնակվող խոցելի խմբերի անվտանգության և կենսապայմանների բարելավում: Ծրագիրն իրականացնում է շենքերի, էլեկտրամատակարարման, խմելու և տաք ջրի ու կոյուղու, ինչպես նաև ջեռուցման, օդափոխման և օդակարգավորման համակարգերի վերանորոգման աշխատանքներ:
